Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ՝ հետագա անելիքները նախանշելու առումով:
Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:
Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







