Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի ներկայացուցիչներին ուղեկցել է ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանը։
Աշոտ Ղուլյանը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու համար:
Աշոտ Ղուլյանը հյուրերին տեղեկություններ է փոխանցել Արցախի պետականաշինության, խորհրդարանում ձևավավորված բարեկամական խմբերի ու շրջանակների մասին: Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան նշել է, որ մեծ պատիվ է համարում Արցախում գտնվելը և կարևորում երկխոսության միջոցով երկրի մասին ճշգրիտ տեղեկությունների հավաքագրումը:
Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտության մասին՝ Ֆելիպե Լորենզանան շեշտել է, որ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին և հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ խնդիրի բանակցային ճանապարհով կարգավորմանը:
Կոնգրեսի պատգամավոր և նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն կարևորել է Լատինական Ամերիկայում մեր տարածաշրջանի վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածումը և երկրների միջև համագործակցության խորացումը:
Քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտությանը, բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը վերաբերող թեմաներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







