Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Ինչպես լինել մեդիագրագետ. պայքար կեղծ լուրերի դեմ» թեմայով դասընթաց, որին ներկա էին տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներ: Այս մասին տեղեկանում ենք ԱրՊՀ կայքէջից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ դասընթացի նպատակն է ներկաներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ մեդիասպառողը կկարողանա ինքնուրույն հասկանալ, տարբերակել իրական, ճիշտ լուրը կեղծից:
Ըստ Իոաննիսյանի՝ 21-րդ դարում աշխարհում բավականին տարածում են գտնում կեղծ լուրերն ու լրատվական մանիպուլյացիաները: Դա տեղի է ունենում աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ կա ժողովրդավարություն, դա տեղի է ունենում նաև Հայաստանում և Արցախում: Դրա դեմ պայքարի ձևերը թեև շատ են, բայց, Դանիել Իոաննիսյանի խոսքով, ամենաարդյունավետ ձևը մարդկանց կրթելն է, գիտելիք տալն է: Այդ պարագայում կեղծ լուրերի տարածումը չի ունենա այն արդյունավետ էֆեկտը, որը հետապնդում են կեղծ լուրեր տարածողները:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը հավելել է, որ նմանատիպ դասընթացները շարունակական կլինեն, սկսել են Արցախից, բայց նախատեսում են այդպիսիք կազմակերպել նաև ՀՀ-ում:
Հանդիպման ընթացքում լրատվության և քարոզչության մոնիթորինգի ստորաբաժանման ղեկավար Վիկտորյա Անդրեասյանը և փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը ուսանողներին ներկայացրել են այն գործիքները, թե ինչպես տարանջատել կեղծ լուրը իրականից, կոնկրետ օրինակներով ցույց տվել փաստերը ստուգելու գործիքակազմը, ուսանողներին փոխանցել ոլորտի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, կարողություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







