Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել 2019թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքին, որի արդյունքում ծանր վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Ռաֆայել Ազիզյանը:
«Նման միջադեպերը ևս մեկ անգամ վկայում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»,-ընդգծել է Արտգործնախարարը։
Զրուցակիցները նաև քննարկել են նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ կազմակերպված Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքները։ «Նմանատիպ նախաձեռնությունները չպետք է ինքնանպատակ բնույթ կրեն, այլ՝ առավելագույնս նպաստեն կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն առանցքային նշանակություն ունի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-նշել է Մասիս Մայիլյանը` այս համատեքստում ընդգծելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները, մասնավորապես՝ 2019 դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում տարածված հուշագիրը հակասում են վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունների տրամաբանությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







