Դեկտեմբերի 17-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը:
Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր ողջույնի խոսքում նշել է, որ ընթացիկ տարում արդեն երկու նիստ են գումարել, իսկ հանձնաժողովի նիստը լավագույն պատրվակն է ևս մեկ անգամ Արցախ այցելելու համար: Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահը պաշտպանելուն ուղղված միջոցառումներին:
ՀՀ ԱԺ նախագահը, խոսելով Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններին մասին, նշել է, որ ազատ, մրցակցային ընտրությունների անցկացումը այլընտրանք չունի:
Համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթը տարբեր հարթակներում և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթների մասին:
Օրակարգային առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, իսկ երկրորդի վերաբերյալ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Զեկուցումներից հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:
Հավելենք, որ նիստից հետո նախատեսվում է ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահների ճեպազրույց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







