Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգի հիմնական հարցը «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն էր:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 34 առաջարկություն, որից 25-ը՝ կրկնվող: Առաջարկությունները գումարային հաշվարկով կազմել են շուրջ 600 մլն դրամ՝ առանց կրկնվող առաջարկությունների:
Ներկայացնելով 2020թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերի մասում կատարված փոփոխությունները և ամփոփել նախագծով առաջարկվող պետական բյուջեի վերջնական ցուցանիշները: Եկամուտները կկազմեն 120 մլրդ 949,4մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 840,7մլն դրամ, պրոֆիցիտը՝ 108,7մլն դրամ:
Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել խմբակցությունները: Ելույթներում նախագծին դեմ քվեարկելու հիմնավորումներ են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները դրական գնահատական են տվել նախագծին և նշել, որ կողմ են քվեարկելու:
2020թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը Արցախի Հանրապետության նախագահինն էր: Նախագահի խոսքով՝ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպի ապահովումը:
«Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծ ընդունվել է 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







