Ամանորի նախաշեմին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում իր հյուրընկալ դռներն է բացել «Լույսերի քաղաք» ամանորյա նախագիծը։
Նախագիծը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Ամանորյա լույսերով զարդարված փայտե տնակներում վաճառվում են տեղական որոշ արտադրողների ապրանքներ, ուտելիքներ, խմիչքներ, իսկ բեմում ամեն երեկո ներկայացվում են ամանորյա ավանդույթներին նվիրված բեմադրություններ, տիկնիկային ներկայացումներ, ելույթ են ունենում արցախյան համույթները:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն իրականացնում է ծրագիրը, և աշխատանքներում ներառված են նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կոլեկտիվները:
ԱՀ ՄԵՀԶ նախարարության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի գլխավոր մասնագետ Գալյա Ավանեսյանը նշել է, որ նախորդ տարի նախագիծն ամբողջությամբ իրականացվել է Ամանորի հետ կապված հայկական ազգային ավանդույթների հստակ շեշտադրումով, իսկ այս տարի փորձել են համատեղել ավանդականն ու ժամանակակիցը:
«Այս տարի Ամանորը ներկայացնում ենք որպես միջազգային և ազգային տոն՝ կարևորելով մեր ազգայինն ու այն ներկայացնելու անհրաժեշտությունը: Տոնական ծրագիրն ուղեկցվում է հայկական ուտեստների հյուրասիրությամբ, հետաքրքրիր խաղերով ու մրցույթներով»,- նշել է Գալյա Ավանեսյանը:
Ըստ նրա՝ ներկաները մեծ խանդավառությամբ են մասնակցում ծրագրին, բայց , իհարկե, ամենաոգևորվածը երեխաներն են, որոնք արտասանում, երգում ու պարում են՝ հավատալով Նոր տարվա հրաշքին:
Օկուպացված Արցախում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 24 տուժած
Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ճանապարհին այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կա 24 տուժած, հայտնում են ադրբեջանական...