Ինչպես հաղորդում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հունվարի 21-ին անցկացվել է ԱՀ ԿԸՀ հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվել և հաստատվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում:
Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ի ժամը 24.00-ն:
Թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար վիճակահանություն կանցկացվի փետրվարի 25-ին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև 15.02.2020թ.:
Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն և պաշտոնապես կհրապարակվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







