Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է , իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը.
« Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա — ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ .
1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է , իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը :
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է , որը զիջման ենթակա չէ :
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991 թ . ՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության :
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն :
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող :
Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա — ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար » :
Ավելացնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԱՀ նախագահի թեկնածուներին ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի կոչին արձագանքել են ԱՀ նախագահի երեք թեկնածուներ՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







