Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 1-ին աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանում և հանդիպումներ ունեցել Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի համայնքների բնակիչների հետ:
Գրիգորի Մարտիրոսյանը լսել է բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հուզող տարբեր հարցերի : Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ը
Նախիջևանիկի բնակիչները պետական միջամտություն են ակնկալել խմելու ջրի կարգավորման հարցում : Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպմանը ներկա քաղաքաշինության նախարարի տեղակալին հանձնարարել է կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրել խնդիրն ու Նախիջևանիկի օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարությունն ընդգրկել այս տարվա կապիտալ ներդրումների ծրագրում , նամանավանդ , որ այդ աշխատանքի վերջնարդյունքում խմելու ջրի խնդիրը լուծվելու է նաև հարևան Վարդաձոր համայնքում :
Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովության պետական աջակցության ուղղություններին, Նախջևանիկ և Վարդաձոր համայնքների դպրոցական շենքի վերանորոգման ու նախակրթարան հիմնելու, Սառնաղբյուրում ակումբ ունենալու հեռանկարներին: Պետական նախարարը բնակիչների հետ քննարկել է նաև հին աղբյուրների վերականգնման, ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային այցի ընթացքում պետնախարարին ուղեկցում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձիք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







