Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունըտեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում:
«Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից»,-նշված է հրապարկման մեջ:
ՊԲ զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում է, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին:
Հիշեցնենք` auroranews.am-ը փետրվարի 3-ին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. ուշագրավ մանրամասներ» վերնագրով հոդված էր հրապարակել, որում անդրադառնում էր ս.թ. հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողներին ու տվյալ զորամասին։
Ըստ աղբյուրի՝ այս զորամասը «հարուստների երեխեքի» զորամաս է, ովքեր Ղարաբաղում ծառայում են, բայց դիրքեր «չեն բարձրանում»։
Ըստ auroranews.am-ի՝ ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանը համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը և զբաղվում է դրամահավաքությամբ։
Ըստ կայքի աղբյուրի՝ պարզ չէ կատարվածը ինքնասպանություն է, թե սպանություն, բայց կոնկրետ մեղավորը Արայիկն է, ինքն է սաղի «գլխին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







