Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում։
Համայնքապետի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, որովհետև բացի աշխատատեղերից այստեղ կա մանկապարտեզ և նոր կառուցված դպրոց։
Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիք է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:
Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն:
Անդրադառնալով համայնքի բուժսպասարկման որակին, համայնքապետը նշեց, որ ունեն բուժկետ, սակայն շենքային պայմանները բարվոք չեն: Կա շտապօգնության մեքենա, աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ, ցավոք, չկա:
Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախ փոստի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







