Կառավարության նիստում քննարկվող նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը երկարացնել ևս երեք ամսով։
Այս միջոցառումից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառման ժամկետը՝ եռամսյա միջոցառումը փոխարինելով վեցամսյայով:
Միջոցառման և կարգի շրջանակներում դիմումները սկսվել են ընդունվել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից: Եռամսյա միջոցառման երրորդ ամսվա համար դիմելու ժամկետները սպառվել են 2021 թվականի մարտի 5-ին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ հյուրընկալողներ դեռևս հյուրընկալում են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիների, որի դիմաց փոխհատուցում ստանալու ժամկետը սպառվել է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նիստի ժամանակ ասաց, որ ծրագրի նախնական փուլում եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն հիմա խնդիրներն արդեն կարգավորված են։ Նա պարզաբանեց, որ հյուրընկալները դիմում են էլեկտրոնային եղանակով, նախարարությունը կադաստրի միջոցով ճշտում է նրանց գույք ունենալու փաստը, ապա գումարը փոխանցում նրանց բանկային հաշվին։
«3000 հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն, սակայն չափահաս հյուրընկալվածների թիվը մոտ 7000 է։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը 15 000 արցախցու մասին է»,- ասաց նախարար Առաքելյանը՝ հավելելով, որ փոքր խմբերով սկսվելու է Արցախ վերադառնալու գործընթաց, քանի որ այնտեղ ավարտվում են վերջիններիս տեղավորելու համար նախատեսվող շինարարական աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







