Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին։
«Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:
Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն:
Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են:
Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:
Այս կերպ Ադրբեջանը նաև հավատարիմ է մնացել սեփական պատմության վերաշարադրման և օկուպացված տարածքներում իր ներկայության լեգիտիմացման ավանդական գործելակերպին»,- ասված է ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







