Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1 613 բնակելի տարածք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված Բալիջա հրաձգարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00.00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







