Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՆ-ը։
Նախորդ շաբաթների համեմատ՝ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք:
Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Քանի դեռ երկրին պատուհասած վտանգը շարունակվում է, ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը:
Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի հայտնաբերման վերաբերյալ 56 դեպք: Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել:
Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով: Նշենք, որ այժմ արցախցի գործընկերների հետ մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:
Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նաև արձանագրվել է սոցիալ-կենցաղային բնույթի 66 դեպք: Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են՝ հիվանդի կամ մահացած անձանց մարմինների տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենային մթերքների առաքում և այլն:
Հիշեցնենք, որ փրկարարական ջոկատները համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







