ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական այս ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն տեղյակ լինի օբյեկտիվ իրականությունից, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում ռազմական գործողությունները կանխելու և նախահարձակ կողմի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»,- ասել է նախագահը և հավելել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ:
Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:
Հանդիպմանը, որին մասնացում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի Մերձավոր Արևելքի հետ կապերի պատասխանատու Պետրոս Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







