Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների: Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքից։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին ուղղված ՀՀ Նախագահի նամակում մասնավորապես ասվում է.
«Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,— նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:
Հանրապետության նախագահը դիմել է Եգիպտոսի գործընկերոջը՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապակցուցենք կրկին»,— ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







