ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, այսպես ասած, քիվեսթյան փուլի մասին:
Քոչարյանի խոսքով՝ Քի Վեսթում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել պատրաստի պայմանագիրը: Եվ հրաժարվելու մասին հայտարարել է հենց այնտեղ՝ բոլորին անակնկալի բերելով:
Ռ. Քոչարյանի գնահատմամբ՝ հարցի կարգավորումը երբեք այդքան մոտ չի եղել՝ ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո:
«Այդ փաստաթղթի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր: Ղարաբաղը միանում էր Հայաստանին: Մեր կողմից զիջումն այն էր, որ մենք համաձայնում էինք սուվերեն ճանապարհի իրավունք տալ Մեղրիի շրջանում: Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի հնարավոր մոդելավորումը ցույց տրվեց: Դա կլիներ թունել էստակադա»,- նշել է երկրորդ նախագահը:
Ըստ Քոչարյանի՝ Ղարաբաղի անկախությունն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար էր ընկալվում, քան՝ Հայաստանին միանալը: «Իրենք տարածքների փոփոխություն ուզում էին, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի մասին: Այդ սուվերեն ճանապարհի իրավունքն էր այն ենթադրյալ պայմանագրում, որը կարող էր ստորագրվել Քի Վեսթում: Եվ դրա դիմաց բացվում էին բոլոր ճանապարհները նաև Ադրբեջանով: Ամբողջությամբ բացվելու պարագայում, իհարկե, պետք է բացվեր նաև ճանապարհը՝ Ադրբեջանից Նախիջևան»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նա հավելել է, որ Ալիևը ճաշի ժամանակ է խոստովանել հրաժարվելու պատճառը: Ալիևը կարծում էր, թե իր հեղինակությունը թույլ կտա այս բարդ որոշումը կայացնել և իրագործել: «Նա կամ թերագնահատել է այս հարցի զգայունությունը ժողովրդի համար, կամ գերագնահատել է իր ազդեցության աստիճանը»,- նշել է Ռ. Քոչարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







