Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հերքել է լուրերն այն մասին, որ Անվտանգության խորհուրդը «երկրորդ իշխանություն» է: Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս մասին նա հայտարարել է ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
«Սամվել Բաբայանը բացառել է նաև Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելու մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դա հնարավոր չէ նախ օրենսդրությամբ և չկա նաև նման լիազորության անհրաժեշտություն: ԱԽ քարտուղարի հավաստմամբ՝ նախագահի հետ իրենց համագործակցությունը հիմնված է 2020-2025 թվականների համար ստորագրված երկկողմ հուշագրի դրույթների վրա:
Սամվել Բաբայանի փոխանցմամբ՝ ԱԽ-ը համագործակցում է նախարարների և նրանց տեղակալների հետ. ստեղծվել է հանձնաժողով, որտեղ քննարկվում են առկա խնդիրները: ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ գալիք տարվա բյուջեի քննարկման համար խորհրդարանին կներկայացվեն նաև ըստ ոլորտների ԱԽ ծրագրային ուղղությունները», — ասված է հաղորդագրության մեջ:
Բաբայանը նաև ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ռազմավարական ծրագրերը, որոնք ստորագրվել են համատեղ հուշագրում:
Հանդիպման ընթացքում Սամվել Բաբայանը ներկայացրել է Անվտանգության խորհրդի գործառույթներն ու դրանցից բխող կադրային քաղաքականության հիմնավորումները՝ ընդգծելով այդ հարցերի շուրջ ծագած քննարկումները հասարակության մեջ:
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհուրդը համագործակցում է նախարարների և նրանց տեղակալների հետ, ստեղծվել է նաև հանձնաժողով, որտեղ քննարկվում են առկա խնդիրները: ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ գալիք տարվա բյուջեի քննարկման համար խորհրդարանին կներկայացվեն նաև անվտանգության խորհրդի ծրագրային ուղղությունները՝ ըստ ոլորտների:
Նշվում է, որ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անվտանգության խորհրդի քարտուղարին են ուղղել ԱԽ կադրային պատրաստությանը, նախարարությունների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններին նրա միջամտությանը, խորհրդի վրա նախագահին վերապահված լիազորությունների իրավական կարգավորումներին, նրա կանոնադրությանը և կառուցվածքին, ինչպես նաև Արցախի Հանրապետության ռազմավարական հայեցակարգի մշակմանը, աշխարհազորի ձևավորմանը, Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությանը, Անվտանգության խորհրդի վերահսկողական գործառույթներին վերաբերող հարցեր և պարզաբանումներ են ստացել։
Ըստ հաղորդագրության՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար հանդիպել խորհրդարանական ուժերի հետ և քննարկել առկա խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







