Պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Պաշտոնավարմանս անցած ավելի քան 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Բնականաբար, այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Այլ մեքենա չենք գնել»,- գրել է ԱՀ նախագահը։
Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում, սակայն, անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել.
-Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա
-Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա
-Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:
-ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը:
ԱՀ նախագահը հիշեցրել է, որ իր ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ևս ստացել է բարերարների կողմից:
«Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- գրել է Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







