Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ Հարությունյանը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու:
Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաև կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







