Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՊԲ հրամանատարական հավաքների խորհրդակցության ժամանակ սպայական անձնակազմին ուղղված իր ելույթին:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նախագահը շեշտել է, որ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, ինժեներական նոր կառույցների ստեղծումը և սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը գտնվում են հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքով՝ բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: «Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»,-նշել է ԱՀ նախագահը :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







