Արցախում քաղաքացի է մահացել, ով վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։
Համաձայն աղբյուրի՝ մահացածը 90-ամյա կին է, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակ (COVID-19) է հաստատվել ևս 9 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված։ Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:
Նշվում է նաև, որ արձանագրվել է առողջացման 1 դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







