Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 20-ին ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետ ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հանրապետությունում անվճար և որակյալ առողջապահական համակարգ ունենալը նախագահի ծրագրի առաջնային սկզբունքներից է: Սակայն, ըստ նախագահի, բարեփոխումների ճանապարհին ոլորտում պետք է բացառել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները, ինչպիսիք են՝
• դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրս գրման գործընթացում կաշառքի գործոնը,
• լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը:
Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, ըստ նախագահի, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝
• հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը,
• հետազոտման և բուժման միջազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը,
• ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը,
• այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







