Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին»,-նշել է նա։
Ըստ Ներսիսյանի՝ ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը՝ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,-նշել է նա։
Ըստ Ներսիսյանի՝ Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ:
Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»,-նշել է Արցախի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։