Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Անցնելով հարցի քննարկմանը՝ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել Գլխավոր դատախազի պաշտոնում:
Մհեր Աղաջանյանն ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային ու թափանցիկ՝ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Պատգամավորները թեկնածուին են առաջադրել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում իրենց խմբակցությունների դիրքորոշումներն են հայտնել Գեղամ Ստեփանյանը («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն), Արթուր Մոսիյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) և Արթուր Հարությունյանը («Ազատ հայրենիք» խմբակցություն):
Քվեարկության արդյունքում Մհեր Աղաջանյանը, 30 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







