10 օրվա ընթացքում Արցախում կորոնավիրուսի թեստավորման լաբորատորիա կստեղծվի՝ օրական 150 թեստ հզորությամբ: Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս մասին հայտնել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից խորհրդարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի շարունակ թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում: Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







