Marriott Bonvoy ընկերությունը բողոքի միջազգային արշավից հետո հրաժարվել է օկուպացված Արցախ նախատեսված տուրիստական փաթեթից, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Խոսքը 14-ժամյա տուրի մասին էր, որը ներառում էր այցելություն Շուշի և Ստեփանակերտ։ Տուրի նկարագրության մեջ նշված չէին Արցախի հայկական պատմությունը, շրջափակումը և Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո ավելի քան 100 000 հայի բռնի տեղահանումը։
Տուրի մասին հուլիսի 27-ին հայտնել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA)։ Տեղեկության հրապարակումից հետո ANCA-ն և տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպություններն սկսել էին արշավ՝ պահանջելով չեղարկել առաջարկը։ Կազմակերպության տվյալներով՝ Marriott-ը հեռացրել է տուրի մասին գովազդը հինգ օրից էլ պակաս ժամկետում։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ ընկերությունը չպետք է «շահույթ ստանա Արցախի հայերի տառապանքներից» և իրականացնի տուրեր, որոնք, նրա խոսքով, օրինականացնում են Ադրբեջանի գործողությունները։
Տուրը հասանելի էր Marriott-ի հարթակում և հնարավորություն էր տալիս ստանալ Marriott Bonvoy միավորներ։ Ճանապարհորդության շրջանակում զբոսաշրջիկներին առաջարկվում էր այցելել «Տատիկ-Պապիկ» («Մենք ենք, մեր սարերը») հուշարձան։ ANCA-ն նշել է, որ հուշարձանի նկարագրության մեջ նշված չէր դրա հայկական ծագումը։
Կազմակերպությունն ընդգծել է, որ Արցախի ավելի քան 100 000 տեղահանված հայ շարունակում է զրկված մնալ իրենց տներ վերադառնալու հնարավորությունից, իսկ 19 հայ գերի գտնվում է Ադրբեջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







