Արցախ Միությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացրել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը։
Փաստերը ներկայացրել է Արցախ Միության նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բազմակուսակցական խմբի նախաձեռնությամբ և Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ մեկնարկած խորհրդարանական հետաքննության առաջին նիստում։
Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելու համար:
Բանավոր վկայությանը զուգահեռ՝ խորհրդարանին և IBAHRI-ին է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:
Փաստաթուղթն, ըստ հեղինակների, ներկայացնում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացման և յուրացման դեպքերը՝ փաստելով, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և միտված են Արցախում հայկական հետքը վերացնելուն:
Նշվում է, որ հինգ փուլից բաղկացած հետաքննության արդյունքում հրապարակվելիք վերջնական զեկույցը կուղղվի Մեծ Բրիտանիայի կառավարությանը և միջազգային կառույցներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







