Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել պաշտոնյաներին աշխատասենյակներում նախագահի լուսանկարները փոխարինել զոհված հերոսների նկարներով: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ցանկանում եմ անդրադառնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալու՝ պարտադիր դարձած երևույթին: Եթե այն ընկալվում է որպես պետականության հանդեպ եղած տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, ապա իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին»,-գրել է Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ սա իր առաջին որոշումն է՝ որպես Արցախի նախագահ: «Մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիվ ապագայի կառուցման համար նրանք կյանքով են հատուցել, որպեսզի ապրողներս կարողանանք իրագործել նրանց պատգամը: Ա՛րդ, թող որ ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու..»,-գրել է նա։
Հարությունյանը հայտնել է նաև, որ Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին է հասցվելու: «Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում և գործունեության մեջ»,-ամփոփել է նա։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/534147873949257/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







