ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է։
Համայնքի բնակիչների հետ զրուցելիս Փաշինյանը համախմբման կոչ արեց ՀՀ քաղաքացիներին։ Նա ասաց, որ անկախ ներքին խժդժություններից՝ անհրաժեշտ է միաբանված լինել, քանի որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ միմյանց դեմ հանելու, ավելի է ոգևորվում և ակտիվանում:
«Մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր բոլոր սահմանապահ գյուղերի բնակիչները, Երևանի կենտրոնից մինչև Կութ համայնքի գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք և մի օջախ ենք և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որևէ սասանում այս առումով պետք է չլինի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կարևոր խնդիր է նաև տեղեկատվության մեջ թացը չորից տարբերել կարողանալը, ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալն է:
Փաշինյանը հորդորեց չտրվել որևէ սադրանքի, չհավատալ դավադրության տեսություններին, այն, ինչ կա իշխանությունների մտքում, ասվում է ժողովրդին։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







