Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը դատապարտվել է մի շարք հանցագործությունների համար, Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայից տեղափոխվել է Ռուսթավի բանտ, հայտնում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությանը։
Նա կլինիկայում էր 2022 թվականի մայիսի 12-ից։
«Քանի որ դատապարտված Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել թիվ 12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ կշարունակի կրել պատիժը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ծառայությունը պարզաբանել է, որ գործել է Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։ Նշվում է, որ քաղաքացիական հատվածի հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ հիվանդի վերադարձը կատարվում է՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և բուժող բժշկի որոշումը։
Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ էր հարուցվել, որոնցից երկուսի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին 3 և ևս 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։
Ձերբակալվելուց ի վեր Սաակաշվիլին բանտում անցկացրել է վեց ամսից պակաս։ Մնացած ժամանակն անցկացրել է կլինիկաներում՝ սկզբում բանտային հիվանդանոցում, ապա Գորիի ռազմական հոսպիտալում, իսկ 2022 թվականի մայիսից՝ Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում։
Սաակաշվիլին դատապարտվել է 12 ու կես տարվա ազատազրկման չորս քրեական մեղադրանքով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի, բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ դատապարտվածների ներում շնորհելու, պետական միջոցների յուրացման և սահմանի անօրինական հատման համար։
2007 թվականի նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու գործը դեռևս դատարանում է։ 2025 թվականի նոյեմբերին Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել «սահմանադրական կարգի տապալման կոչ անելու» համար։






































