Վրաստանում խստացնում են հանրահավաքների անցկացման կանոնները: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր օրինագծով՝ սահմանված կանոնների խախտումը կարող է դիտվել որպես քրեորեն պատժելի արարք և հանգեցնել մինչև երկու տարվա ազատազրկման, գրում է Ekhokavkaza-ն:
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան մանրամասնել է, որ փաստաթուղթը նախատեսում է մինչև 15 օր կալանք փակ դեմքով հավաքին մասնակցության համար, 15-20 օր կալանք՝ արցունքաբեր կամ թունավոր նյութի օգտագործման, ճանապարհը փակելու համար: Հավաքի ընթացքում զենքի, պիրոտեխնիկայի կամ նման առարկաների հայտնաբերման դեպքում նախատեսվում է մինչև 60 օր կալանավորում, իսկ հավաքի դադարեցման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության պահանջը չկատարելու համար կրկին մինչև 60 օր կալանք է նախատեսվում:
Նման գործողությունների կրկնությունը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ, ապա նաև՝ մինչև երկու տարի։
Վրաստանի 64 շրջաններում, այդ թվում՝ 5 քաղաքներում, հոկտեմբերի 4-ին տեղի էին ունեցել քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլոյի անդամների ընտրություններ, որոնց հաջորդել էին ցույցեր: Դրանք վերածվել էին բախումների ոստիկանության հետ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Օրբելիանիի նախագահական նստավայրի բախումների հետևանքով հոսպիտալացվել էին 21 ոստիկան և 6 ցուցարար։




































