Sputnik Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որը նախկինում ձերբակալվել էր Բաքվում, ազատ է արձակվել, հայտնել է «Կոմերսանտը»։
Հրապարակման համաձայն՝ նրա ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օգնականների միջև։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անմիջականորեն շփվել է իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, և որոշումը կայացվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայանալիք հանդիպման նախօրեին։
Ուշակովը նշել է, որ երկու երկրների նախագահների հետ համակարգումը հանգեցրել է դրական արդյունքի։ Ի պատասխան՝ ռուսական կողմը նույնպես ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։
Կարտավիխը ձերբակալվել էր հունիսի 30-ին Բաքվում՝ Sputnik Ադրբեջանի գրասենյակի խուզարկությունների ժամանակ։ Ձերբակալվել էին նաև գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և գործակալության մի քանի այլ աշխատակից՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ադրբեջանի անվտանգության ուժերը պնդում էին, որ Կարտավիխը և Բելոուսովը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ են, սակայն ռուսական կողմը հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն։
Ձերբակալությունները տեղի էին ունեցել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին:





































