Վրաստանի իշխանությունները նախատեսում են հոկտեմբերին դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես նաև մյուս միավորումները, որոնք կիսում են նրա քաղաքական գիծը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին մենք կդիմենք դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել բոլոր այն կուսակցությունները, որոնք ներկայացնում են հավաքական «Ազգային շարժումը»։ Սա ժողովրդավարական գործընթաց է, և դիմումը դատարան անպայման կլինի»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայցի հիմք է դառնալու ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը, որը քննություն էր իրականացնում Սաակաշվիլիի իշխանության տարիների (2003-2012) հանցագործությունների վերաբերյալ։ Փետրվարից մինչև օգոստոս պատգամավորները լսել էին քաղաքական գործիչների, զինվորականների և քաղաքացիների ցուցմունքները։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էր 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները, բիզնեսի վրա ճնշումները, կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև որոշ դեպքեր 2012 թվականից հետո, ներառյալ՝ նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի որոշումները, որը հետագայում անցել էր ընդդիմության շարքերը։





































