Ռուսաստանի կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական միջոցները չվճարելու մասին տեղեկատվությունը ցինիկ սպեկուլյացիա է, նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ:
Նախարարությունն ուշադրություն է հրավիրել մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական միջոցները չվճարելու մասին:
«Գործ ունենք ողբերգության վերաբերյալ ևս մեկ ենթադրության հետ՝ ծանոթ ցինիկ ոճով, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար։ Նման ակնարկները չեն համապատասխանում իրականությանը: Դրանք սուտ են»,- նշել են նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական «ԱլֆաՍտրախովանիե» ապահովագրական ընկերությունն ադրբեջանական ավիաընկերությանը վճարել է ինքնաթիռի ապահովագրական փոխհատուցում՝ 1,003 մլրդ ռուբլու չափով։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ ինքնաթիռի վիրավոր ուղևորներին և զոհերի հարազատներին ապահովագրական վճարումներ են կատարվել ընդհանուր առմամբ՝ 358,4 մլն ռուբլու չափով:
«Թռիչքի 62 ուղևորից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են, այդ թվում՝ վճարումները լիովին կատարվել են Ռուսաստանի 15 քաղաքացուց 7-ի, Ադրբեջանի 38 քաղաքացուց 35-ի, Ղրղզստանի բոլոր 3 քաղաքացիների և Ղազախստանի 6 քաղաքացիներից 1-ի համար»,- նշել են գերատեսչությունից:
ՌԴ ԱԳՆ-ից նաև շեշտել են, որ փոխհատուցման գումարների շուրջ համաձայնության գալու հարցում տուժածների և մահացածների հարազատների հետ աշխատանքը շարունակվում է:
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։




































