Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներն ու Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաները նախատեսում են բանակցությունների հերթական փուլը՝ համագործակցության վերականգնման հարցով, գրում է ՏԱՍՍ-ը։
Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի խոսքով՝ գործակալության հետ համագործակցության հիմնական խոչընդոտ է հանդիսանում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Ներկայումս երկու հանդիպում է կայացել ԱԳՆ ներկայացուցիչների և գործակալության միջև, ինչպես նաև նախատեսվում է երրորդ հանդիպումը։ Մեր հիմնական բողոքը գործակալությունից այն է, որ նրա կառավարման համակարգը գտնվում է գերիշխանական կարգի ազդեցության տակ, իսկ գլխավոր խնդիրը՝ գլխավոր տնօրենի անձն է»,- ասել է նա։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:
Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ ԱՄՆ-ն և «Եվրաեռյակի» երկրները համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ:






































