Իսրայելի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ բարձր մակարդակի վրա է և զարգանում է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է այդ երկրում Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսը։
«Մանրամասն չեմ անդրադառնա այս թեմային, բայց կարող եմ ասել, որ մեր ռազմական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է և զարգանում է։ Ես հավատում եմ, որ այս հարաբերությունները կշարունակվեն դեռ երկար տարիներ»,- ասել է դեսպանը։
Կրաուսը նաև ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը «բարգավաճում և կայունություն» կբերի տարածաշրջանին։ Նշելով, որ Իսրայելը հետաքրքրված է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններով, նա հավելել է, որ իսրայելական կողմը «համեստ օգնություն և աջակցություն է ցուցաբերել կողմերի հանդիպմանը»։
Կրաուսը նաև հաջողված է անվանել Ադրբեջանի միջնորդությունն Իսրայելի՝ Թուրքիայի և Սիրիայի հետ բանակցություններում։
Բաքվում Իսրայելի նախկին դեսպան Ջորջ Դիկը հուլիսին հայտարարել էր, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»։ Մայիսին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովը Թել Ավիվում պայմանավորվել էին ընդլայնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։






































