Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը շրջադարձային պահ կլինի Հարավային Կովկասի համար, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում ՄԹ դեսպան Ֆերգուս Օլդը։
«Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում գրանցված նշանակալի առաջընթացը և սա դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՄԹ-ն պատրաստ է երկրներին աջակցել ցանկացած համաձայնագրի իրականացման գործում, մասնավորապես՝ այն ոլորտներում, որտեղ Մեծ Բրիտանիան ապացուցված փորձ ունի։
«Մենք կարող ենք առաջարկել փորձարկված լուծումներ՝ տեխնիկական աջակցություն սահմանների սահմանագծման գործընթացում, աշխարհում լավագույն մակարդակին համապատասխանականական ականազերծման հնարավորություններ, որոնք կապահովեն համայնքների անվտանգությունն ու կդարձնեն հողերը բերրի, ինչպես նաև աջակցություն տնտեսական փոխկապվածության նախագծերին»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության, փոխադարձ հարգանքի և հարևանների միջև գործնական համագործակցության միջոցով։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:



























