ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առավելությունների մասին՝ հիմնված «Երևանի և Բաքվի շահերի հավասարակշռության վրա»
Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության վրա հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագրերը ձեռնտու են ոչ միայն նրանց, այլև տարածաշրջանում նրանց հարևաններին, ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։
Զախարովան նշել է, որ նման հարևաններ են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը նախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
«Մենք համոզված ենք, որ հենց այս ձևաչափով կարող է և պետք է գտնվի փոխադարձ ընդունելի լուծում, որը երաշխավորում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը իր ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- եզրափակել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի կարմիր գծերը: «Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն»,- ասել էր նա և ավելացրել՝ նաև դեմ չեն, որ Հայաստանով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր և շահագրգռված, հետաքրքրված են այդ ծրագրերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







