Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը անարդյունավետ է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի հասցեին հնչեցված նոր սպառնալիքների մասին հարցին:
«Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ», — ասել է նա:
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը գտնում է նաև, որ «ներկայիս լարվածության ապաէսկալացմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը»:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև պատասխանել է այն հարցին, թե մարտի 5-ի դիվերսիայի կապակցությամբ գերատեսչության ավելի վաղ արված հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հասցեական քննադատության բացակայության մասին, այն դեպքում, երբ ՌԴ ՊՆ տեղեկագրում ուղղակիորեն նշված է էսկալացիայի մեղավորը՝ ի դեմս Ադրբեջանի:
«ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում նշված է միջադեպի մասին մանրամասն տեղեկատվություն՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը։ ԱԳՆ մեկնաբանությունը քաղաքական գնահատական է տալիս տեղի ունեցածին», — ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







