Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ 2023 թվականը «բեկման տարի» կդառնա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Համենայնդեպս, մենք դրա հույսն ունենք»,- Ալիևի խոսքերն է մեջբերում ТАСС -ը։
Նշվում է, որ նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ ՌԴ ԱԳ նախարարին այս գործընթացին ակտիվ մասնակցության համար: «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում»,- ընդգծել է նա:
Իր հերթին՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, այդ թվում՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման առաջընթացին։ Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որը կբխի իրադրության կայունացման և պայմանների ստեղծման շահերից, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել՝ ի շահ իրենց երկրների և ժողովուրդների»,- հայտարարել է Լավրովը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։ Գործակալության տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները լիարժեք զարգանում են, երկու երկրներն այս տարի լավ առաջընթաց են գրանցում:
Հանդիպման ընթացքում Լավրովը Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնը: «Նախ փոխանցում եմ նախագահ Պուտինի ամենաջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա անձամբ մեծ ուշադրություն է դարձնում մեր դաշնակցային փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ կողմերը քննարկում են «մեգապրոյեկտների» մշակումը, որոնք տարածաշրջանային բնույթ կունենան։ «Ինչպես և դուք քննարկել եք նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգա-նախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային և նույնիսկ ինչ-որ տեղ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր շատ գործընկերներ։ Սա նաև ցուցանիշ է այն բանի, թե որքանով է հեռանկարային փոխգործակցությունն այս տարածաշրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի առաջատար մասնակցությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանի արտգործնախարարը փետրվարի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, Ադրբեջանում բանակցությունների ընթացքում նախատեսվում է «համալիր ձևով քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները», ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ, ներառյալ ադրբեջանա-հայկական կարգավորման հարցերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







