Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովը նշել է, որ Բաքուն հանդես է գալիս խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթաց սկսելու օգտին՝ չնայած վերջին ռազմական բախումներին և ադրբեջանական կողմի կորուստներին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը, և այս առումով կարևոր է հետհակամարտային շրջանում կողմերի միջև համագործակցության ծրագրի իրականացումը։
Շմիդն իր հերթին մտահոգություն է հայտնել սահմանին վերջին բախումների կապակցությամբ և ցավակցություն հայտնել կորուստների համար։ Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին՝ հաշվի առնելով կազմակերպության բազմամյա փորձը տարածաշրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







