Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում նոր անդրսահմանային գործողության ընթացքում վնասազերծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի։
«Մագիլ-ամրոց» հատուկ գործողության ընթացքում վնասազերծվել է 30 ահաբեկիչ»,- չորեքշաբթի ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ավելի վաղ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքում գործողության ընթացքում երկու զինծառայողի կորստի մասին։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում PKK-ի անդամների դեմ նոր ռազմական գործողություններ են սկսել՝ երկրի ռազմաօդային ուժերն ու հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի Մեթինա, Զապ և Ավաշին շրջաններին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ գործողության առաջին փուլում դրված նպատակներին հասել են։ Նա նաև հավելել է, որ թուրք զինվորականների միակ նպատակը ահաբեկիչներին ոչնչացնելն է։ Առավելագույն ուշադրություն է դարձվում, որպեսզի խաղաղ բնակիչները, շրջակա միջավայրը, մշակութային և կրոնական վայրերը չվնասվեն:
«Իրաքում Թուրքիայի ռազմական գործողության նպատակը նոր տարածքներ ձեռք բերելը չէ»,- ասել էր Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։
«Մեր գործողության նպատակն է մաքրել Իրաքի տարածքը ահաբեկիչներից, ինչպես նաև երաշխավորել մեր սահմանի անվտանգությունը։ Թուրքիան որևէ տարածքի չի հավակնում»,- ասել է նախագահը։ Նա նաև հաստատել է Իրաքում առաքելությունների ժամանակ երկու թուրք զինվորների զոհվելու փաստը։
Նրա խոսքով՝ նման գործողությունների շնորհիվ երկրին «մեծ չափով հաջողվել է կանխել ահաբեկչական ակտիվությունը սահմանամերձ շրջաններում և ահաբեկիչների ներթափանցումը Թուրքիա»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







