Ապրիլի 2-ին Բաքվում կայացած Ադրբեջանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Լուիջի Դի Մայոյի բանակցությունների ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իտալիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և դա հաստատել է բոլոր միջազգային հարթակներում: Ընդգծվում է նաև, որ իտալացի պաշտոնատար անձինք առաջինն են դարձել Եվրոպայում, ովքեր այցելել են «ազատագրված» տարածքներ:
Հաղորդագրության համաձայն` իտալական ընկերությունները մասնակցում են «ազատագրված» տարածքներում իրականացվող նախագծերին, նրանք նույնպես հետաքրքրված են ականազերծման աշխատանքների ընթացքով:
Նշվում է նաև, որ Բայրամովը Դի Մայոյին ներկայացրել է Հայաստանի առաջարկած սկզբունքները, որոնց հիման վրա կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի իրադրությունը: Ընդգծվել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







