Վրաստանում չեն պաշտպանել Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը, որը հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ ռազմաճակատներ բացելու անհրաժեշտության մասին, գրում է Новости-Грузия-ն։
Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցության անդամ Միխայիլ Սարջվելաձեն հայտարարել է, որ Դանիլովի այդ հայտարարությունը «տհաճ տպավորություն է թողել»: «Իրականում դա օգնություն չի լինի Ուկրաինայի համար։ Պատերազմի ընդլայնումը, ռազմաճակատների բացումն ու էսկալացիան ամեն դեպքում անցանկալի են։ Այդ մասին խոսում են ՆԱՏՕ — ի և եվրոպական պետությունների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ», — ասել է Սարջվելաձեն։
«Հույս ունեմ, որ դա սուտ է։ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին և մյուսներին հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից՝ բացելով երկրորդ ճակատը մեր քաղաքների և գյուղերի ավերման համար, որպեսզի մահանան նաև վրացի կանայք ու երեխաները: Դա ճի՞շտ է»,- սոցիալական ցանցում գրել է «Վրացական երազանքի» ևս մեկ պատգամավոր, Արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
Նշվում է, որ միայն խաղաղ ճանապարհով տարածքների վերադարձի օգտին է արտահայտվել նաև Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Բաչո Դոլիձեն: «Դուք գիտեք, որ մեր տարածքային ամբողջականության վերականգնման հարցն անցնում է խաղաղ քաղաքականության, խաղաղ գործողությունների միջով, ուրեմն այդպես էլ պետք է շարունակվի։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ չարժե աժիոտաժ բարձրացնել այդ զգացմունքային հայտարարության շուրջ», — ասել է Դոլիձեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կոչ էր արել լրացուցիչ ճակատներ բացել ՌԴ շահերի գոտում գտնվող տարածքներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, որոնք կօգնեն նաև Ուկրաինային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







