Եվրամիությունը (ԵՄ) «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում մտադիր չէ Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության խոստումներ տալ, դեկտեմբերի 9-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Գործակալությունը նշել է, որ թեեւ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, սակայն արդեն նախապես հայտնի է ԵՄ-ի ամփոփիչ հայտարարության նախագիծը:
Այդ փաստաթղթով, հայտնում է գործակալությունը, ԵՄ-ն մտադիր է հաստատել իր աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային, որոնք հայտարարում են Միության հետ մերձենալու ձգտման մասին:
«ԵՄ-ն ճանաչում է եվրոպական ձգտումները եւ շահագրգիռ գործընկերների եվրոպական ընտրությունը», — մեջբերում Է գործակալությունը ամփոփիչ փաստաթուղթը «գործընկերների» տակ նկատի ունենալով Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային:
Միեւնույն ժամանակ, նշում Է գործակալությունը, Եվրամիությունը ոչ մի կերպ չի խոստանում, որ «գործընկերները» կարող են ընդունվել ԵՄ անդամ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ համաժողովում կարող է քննարկվել Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը, «հենց որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն խաղաղ ժողովրդավարական անցման համար»:
Նշենք, որ «Արեւելյան գործընկերությունը» ԵՄ-ի եւ վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նախաձեռնությամբ ստեղծված ծրագիր է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Բելառուսը հայտարարել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանը»՝ կապված Եվրամիության կողմից Բելառուսի հետ համագործակցության միակողմանի դադարեցման եւ հակաբելորուսյան պատժամիջոցների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







