Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական վերահսկողություն տակ է վերցրել Թբիլիսիում Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված իրավիճակը:
Ըստ РИА Новости-ի՝ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մատնանշելով, որ ուկրաինական կողմը «պետք է վերցնի» իր քաղաքացուն:
«Մենք ակնկալում ենք հստակ պատասխան Վրաստանի իշխանություններից և որոշումներ կընդունենք արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններից հետո, այժմ դրանով զբաղվում է մեր ԱԳՆ -ը: Նախագահն այս իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է պահում: Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և մենք պետք է վերցնենք մեր քաղաքացուն»,- ասել է Պոդոլյակը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ օրը հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալված է: Նա տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հայրենիք է վերադարձել հատուկ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար: Վրաստանի նախկին նախագահը հացադուլ է հայտարարել և իրեն անվանել քաղբանտարկյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







