Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է ժամանել՝ պետական հեղաշրջում իրականացնելու, ինչպես նաև անկարգություններ սարքելու համար: Այդ մասին շաբաթ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ТАСС-ը:
«Նա Վրաստան է ժամանել հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու համար: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցագործությունը կասեցնելու համար»,- ասել է քաղաքական գործիչը:
Կոբախիձեն հավելել է, որ Սաակաշվիլիի կալանավորման և հետագա բանտարկության հետ կապված ընթացակարգերը կհամապատասխանեն գործող իրավական նորմերին: «Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նրա դեմ բոլոր ընթացակարգերը կիրականացվեն բոլոր իրավական նորմերին համապատասխան»,- ասել է նա:
Կոբախիձեն նաև ասել է, որ Վրաստանի իշխանությունները ուկրաինական կողմին կհանձնեն Սաակաշվիլիի կալանավորման հետ կապված բոլոր տեղեկությունները: «Մենք կհրապարակենք Սաակաշվիլիի կալանավորման բոլոր մանրամասները: Մենք նրանց կտրամադրենք ամբողջ տեղեկատվությունը»,- ասել է նա:
Իշխող կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ Սաակաշվիլին արդեն 18 տարի է՝ հանգիստ չի թողնում Վրաստանին: «Նախ՝ առաջին ինը տարիները, երբ նա իշխանության ղեկին էր, և դուք հիշում եք նրա կատարած հանցագործությունները, իսկ հետո մնացած ինը տարիները՝ որպես ընդդիմություն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ օրը հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալված է: Նա տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հայրենիք է վերադարձել հատուկ հոկտեմբերի 2 -ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







